Լևոն Ավետիսյան

Լև Տոլստոյ «Նապաստակներ»

Նապաստակները սնվում են գիշերը:

Ձմռանը անտառային նապաստակները սնվում են ծառերի կեղևով, դաշտային նապաստակները՝ ձմեռային մշակաբույսերով և խոտով, ճագարները՝ հնձանի վրայի հացահատիկներով։ Գիշերը նապաստակները ձյան մեջ խորը, տեսանելի հետք են բացում։ Բացի որսորդներին հանդիպելը՝ նապաստակները պիտի հասցնեն խույս տալ շներից, գայլերից, աղվեսներից, ագռավներից և արծիվներից: Եթե ​​նապաստակը քայլերն անի պարզ և ուղիղ, ապա առավոտյան նրան կգտնեն արահետի վրա և կբռնեն, բայց Աստված նապաստակին վախկոտություն է տվել, և վախկոտությունը փրկում է նրան:

Նապաստակը գիշերը քայլում է դաշտերով և անտառներով՝ առանց վախի ուղիղ հետքեր է անում, բայց հենց որ առավոտ է գալիս և նրա թշնամիները արթնանում են, նապաստակը սկսում է լսել կա՛մ շների հաչոցը, կա՛մ սահնակների ճռռոցը, կա՛մ գյուղացիների ձայները, կա՛մ գայլի ոռնոցը անտառում, վախից շտապում է և սկսում ցատկոտել: Նա ամբողջ ուժով ցատկում է մի կողմ և հեռանում նախորդ հետքից։ Եվ, երբ կրկին ինչ-որ բան վախեցնում է նապաստակին, նա նորից հետ է շրջվում և նորից ցատկում կողքի:

Իսկ, երբ լույս բացվում է, նա անշարժ պառկում է։

Առավոտյան որսորդները սկսում են փնտրել նապաստակի հետքը, շփոթվում են կրկնակի հետքերից և հեռավոր թռիչքներից՝ զարմանալով նապաստակի խորամանկության վրա։ Իսկ նապաստակը խորամանկ չէ, նա պարզապես վախենում է ամեն ինչից:

Թարգմանությունը կատարել եմ ռուսերեն լեզվից։
Թարգմանության աղբյուրը

Leave a comment